Շաբաթ օրը Պրահայում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորած նոր կառավարության քաղաքականության դեմ, համարելով, որ այն սպառնալիք է ժողովրդավարությանը և երկիրն ուղղորդում է դեպի ավտոկրատիա: Չեխիայի վարչապետը մերժել է ցանկացած ֆինանսական օգնություն ՈՒկրաինային՝ միանալով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։               
 

Մտածե՞լ եք դուք, թե ինչո՞ւ վերընտրեցիք Նիկոլին

Մտածե՞լ եք դուք, թե ինչո՞ւ վերընտրեցիք Նիկոլին
22.03.2026 | 15:00

Նիկոլը եկավ մերժելու, նաև պատժելու երկիրը թալանողներին և քաղաքական անդառնալի սխալներ թույլ տված նախկին ղեկավարներին ու նրանց հանցավոր վարչակազմին, բայց ոչինչ չարեց:

Մեր ժողովուրդն այնքան վիրավորված ու հիասթափված էր նրանցից, որ գնաց Նիկոլի հետևից՝ հավատալով նրա անորոշ խոստումներին: Այո՛, զարմանալի է, բայց ժողովուրդն առաջին ամիսներին սիրեց Նիկոլին. սա մի բան է, որի մասին երազում են բոլոր պետությունների առաջնորդները, անգամ՝ թագավորները:

Հիմա ուզում եմ հարցնել անձամբ Նիկոլին և նրան կուրորեն սիրող ու ատամներով պաշտպանողներին․ կշեռքի մի նժարին դրված էր ժողովրդի սերը քո հանդեպ (սերը իսկապես կույր է), իսկ մյուս նժարի վրա ո՞վ, ի՞նչ և ինչքա՞ն դրեց, որ դու գայթակղվեցիր ու դարձար թշնամուն նվիրված, իսկ մեր երկիրը տարար պարտության:

Նրանք, ովքեր չեն կարևորում մեր հողերի կորուստն ու հազարավոր երիտասարդների զոհվելն ու հաշմանդամ դառնալը, այլ դեռ 2018 թվականի «հեղափոխության» էյֆորիայի ազդեցության տակ են ու հրապարակից դեռ տուն չեն գնացել, և պարզապես Նիկոլին երախտապարտ են Սերժին այդ օրերին պաշտոնից հեռացնելու համար, թող մտածեն՝ արդյոք Սերժին, Քոչարյանին և նրանց հանցագործ վարչակարգերին պատասխանատվության ենթարկե՞ց Նիկոլը: Ո՛չ:

Ընդհակառակը, նրանք մի բան էլ աշխուժացան ու քաղաքականություն վերադարձան՝ դառնալով ԱԺ պատգամավորական «ընդդիմություն», և կշեռքը ծանր ու թեթև են անում, որ «ժողը» վախենա, թե հանկարծ նախկինները հետ կգան:

Իսկ 2020 թվի պայմանավորված պատերազմից և պայմանավորված պարտությունից հետո մեր ժողովրդին տեղի-անտեղի սպառնում են պատերազմով՝ այնպես, ինչպես թշնամի պետության նախագահն է սպառնում Հայաստանին ու հայ ժողովրդին։ Պաշտոնապես հայտարարվում է, որ եթե անգամ Նիկոլը փոխի ՀՀ Սահմանադրությունը, չեղյալ համարի ՀՀ Անկախության Հռչակագիրը, «Զանգեզուրի» միջանցքը գործի դրվի, և ՀՀ օդային տարածքն անխոչընդոտ օգտագործվի, միևնույն է՝ մի քանի ամիս հետո կարող է պատերազմ լինել:

Եվ Նիկոլը ոչ մի հակադարձում չի անում: Սա՞ էր այդ «հեղափոխության» հիմնական և վերջնական նպատակը:

Բա հիմա Նիկոլն ի՞նչ է ուզում մեր ժողովրդից և մեր պետությունից՝ մեր զոհերի ու հողերի գնով Ադրբեջանին ու Թուրքիային Մեղրիով իրար միանալու ճանապարհ տալով։ Մեզ էլ ասում է, թե դա մեր օգուտն է. իսկ ի՞նչ վատ բան կա Թուրանի ծրագրի իրականացման մեջ, ուզում են՝ թող միանան:

Ուրեմն արաբական աշխարհը, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, Հայաստանը (ոչ թե Նիկոլը) բացահայտ դեմ են «Թուրան» ծրագրին, իսկ Նիկոլը թուրքական այդ դարավոր երազած ծրագրի իրականացման համար Հայաստանը ոտքի տակ տրորելով՝ ճանապարհ է տալիս: Սկսեց բենզինի ներկրում Ադրբեջանից, ներկրեց անհայտ ծագման ցորեն՝ Ադրբեջանի տարածքով:

Նպատակ ունի վերականգնելու Ադրբեջանով անցնող նախկին բեռնատար գնացքների երկաթուղային ճանապարհը, ինչպես նաև բեռնատար, գուցե և մարդատար ավտոմեքենաների երթուղի դեպի Ռուսաստանի Դաշնություն: Որևէ գործարար, ասենք՝ «Սպայկան», Ադրբեջանով Ռուսաստան բեռներ կփոխադրի՞, կամ մեզնից ո՞վ այդ գնացքներով կմեկնի Ռուսաստան:

Ո՛չ ոք, որովհետև վտանգավոր է լինելու: Մենք դա տեսել ու զգացել ենք 90-ականների ծանր տարիներին: Չենք մոռացել, երբ Վրաստանով անցնող Երևան-Թբիլիսի մարդատար գնացքն ադրբեջանցիները կանգնեցնում էին իրենց բնակավայրերում, բռնությամբ մարդկանց իջեցնում, առևանգում, հետո մեծ գումարների դիմաց ազատում այդ ծեծված հայ տղամարդկանց․․․ Անձամբ ես, որ հարազատներ ունեմ Թբիլիսիում, այդ դեպքերի մասին իմանալուց հետո այլևս գնացքով չէի մեկնում, հազվադեպ՝ ավտոբուսով, որը շրջանցում էր թուրքաբնակ գյուղերը:

Հիմա Նիկոլն ուզում է հե՞տ բերել առաջին նախագահի օրոք ստեղծված իրավիճակը, երբ Հայաստանը բացարձակ շրջափակման մեջ էր, և մեր կյանքի միակ «օդանցքը» Իրանն էր:

Դիմում եմ 2021 թվին Նիկոլին և նրա քաղաքական թիմին՝ ՔՊ-ին ձայն տված մեր հայրենակիցներին․ մտածե՛ք, խնդրում եմ, խորը մտածե՛ք, թե ախր ինչո՞ւ վերընտրեցիք պարտված վարչապետին: Չընտրելու դեպքում մենք հիմա բոլորովին ուրիշ՝ իսկական անկախ ու հզոր, քաղաքականապես չվարկաբեկված Հայաստան-Հայրենիք կունենայինք:

Մենք կանգնած ենք ոչ թե պարզ ընտրության, այլ գոյաբանական խնդրի առաջ, և այս անգամ սխալվելու ոչ մի տեսակ՝ պատմական, բարոյական, իրավական իրավունք չունենք: Մեր հանդեպ նոր ցեղասպանության սպառնալիք կա այսօր։ Մի՞թե 111 տարի անց մեր հիշողությունից ջնջվել են Հայոց ցեղասպանության դաժանություններն ու անդառնալի կորուստները, որոնց վերքերը մինչև հիմա արյունածոր են:

Սիրելի՛ խորամիտ հայեր և սիրելի՛ հայեր, որ մոլորվել եք «երեք բարդիների» արանքում ու չեք գտնում մեր պետականության պահպանման ճիշտ ճանապարհը․ մի՛ կրկնեք ճակատագրական այն սխալը, որ կատարեցիք 2021-ին։ Պատմությունը, մեր զոհված ու հաշմանդամ դարձած զինվոր տղերքը, Արցախի սուրբ հողը և գալիք սերունդները մեզ չեն ների:

Մենք մի՛ ճանապարհ և մեկ ընտրություն ունենք․ դա Հայրենիքն ու մեր Պետականությունը փրկելն է։ Մենք դա կարող ենք։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 168

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ